Արմինֆո. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն կարծում է, որ Ռուսաստանը պետք է առավելագույն միջնորդական ջանք գործադրի «օկուպացիոն քաղաքականությանը՚ վերջ դնելու համար:
Այդ մասին նա հայտարարել է Haqqin.az-ի հետ հարցազրույցում` մեկնաբանելով ՌԴ հայազգի քաղաքացիների Ադրբեջան այցելությունների թույլատրությանն առնչվող ռուսական կողմի պահանջը: Ադրբեջանի դեսպանի հավաստմամբ, այս հարցի նկատմամբ Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է. «անձանց այդ խմբի նկատմամբ նման կարգավորում է կիրառվում անկախ նրանց քաղաքացիությունից՚, ինչը բխում է «նրանց իսկ անվտանգության ապահովման՚ նկատառումներից: «Գոյություն ունի միջազգային փորձ, երբ երկրներն ինչ-որ անձանց մուտքն իրենց տարածք արգելում են, նույնիսկ, առանց պատճառները նշելու՚, - հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը:
Պատասխանելով ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականին առնչվող հարցին` Բյուբյուլօղլուն համոզմունք է հայտնել է, թե հարկավոր է շուտափույթ կարգավորել հակամարտությունը` «արդար հիմունքով, միջազգային իրավունքի շրջանակում, եվ այդ խնդիրներն ինքնըստինքյան կվերանան՚: «Ես, որպես մի մարդ, որը վերջին տարիներին երեք անգամ այցելել է Հայաստան և Ղարաբաղ, վստահությամբ կարող եմ ասել, որ երկու ժողովուրդների միջև երկխոսություն հնարավոր է, սակայն Ռուսաստանը պետք է առավելագույն միջնորդական ջանք գործադրի օկուպացիոն քաղաքականությանը վերջ դնելու նպատակով՚, - հայտարարել է Ադրբեջանի դեսպանը:
«ՌԻԱ Նովոստիի՚ հաղորդման համաձայն, հունվարի 15-ին Ռուսաստանի ԱԳն-ն գրություն է ուղարկել Ադրբեջանի դեսպանություն` այդ երկրի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի առնչությամբ: Հունվարի 11-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացիների ազգային պատկանելության առնչությամբ արտաքսումը նրանց իրավունքների կոպիտ խախտում է:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում տեղեկացրել էր, որ Բաքվի միջազգային օդանավակայանում իր անձնագիրը ստուգելիուց հետո իրեն թույլ չեն տվել մուտք գործել երկրի տարածք, որտեղ ցանկանում էր անցկացնել Ամանորյա տոները: Նրա հավաստմամբ, իր ճակատագրին արժանացել է նաև երկու ընտանիք` ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով: