Արմինֆո: Դուշանբեում և Մոսկվայում Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպումներից հետո պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը միմյանց մասին արտահայտվում են եթե ոչ համակրանքով, ապա բավական զգույշ և կոռեկտ: Կարծում եմ՝ սա նրանց երկու հանդիպումներից հետո դիտվող գլխավոր պահն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հումանիտար հետազոտությունների միության ղեկավար /Բաքու/ Ավազ Հասանովը:
<Ղարաբաղի շուրջ բանակցություններում որևէ իրական տեղաշարժի մասին խոսելու համար պետք է նշել, թե ինչ ունենք տվյալ պահին: Առաջնորդների շփման տոնայնության փոփոխությունից բացի, կարող եմ նշել Հայաստանի ներքին իրավիճակի առնչությամբ Ադրբեջանի իշխանական միջանցքներում որոշակի ըմբռնումը: Մենք բազմիցս ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից լսել և շարունակում ենք լսել, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի ակտիվացման համար Փաշինյանը սկզբում պետք է կարգավորի Հայաստանում ներքին իրավիճակը: Այսինքն՝ դրան Ադրբեջանում ըմբռնումով են վերաբերում:
Հունվարի 8-ին Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ԱրմԻնֆո-ին հաստատել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկության վերաբերյալ տեղեկատվությունը: Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Միլանում:
Այս առումով փորձագետը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն գործընթացը շարունակվում է և բավական ակտիվ է, ինչի մասին են վկայում ԱԳՆ ղեկավարների հանդիպումները: Տեղաշարժեր և առաջարկներ այդ գործընթացում, ըստ նրա, առայժմ չկան, սակայն, Բաքվի որոշ պաշտոնյաների և կառավարամետ փորձագետների խոսքերի համաձայն, բանակցային գործընթացի առնչությամբ սպասումները շատ են: <Հասկանալ, թե ինչ է նշանակում այդ <շատը>, շատ բարդ է: Մենք կարող ենք միայն ենթադրել: Որքանով ես հասկանում եմ, առայժմ Փաշինյանը և Ալիևը որոշել են ուշադրությամբ հետևել հրադադարի ռեժիմի խախտումներին>,-ամփոփել է Հասանովը: