Արմինֆո. Հայաստանը <Աշխարհի ամենախելացի երկրները> միջազգային վարկանիշի որևէ կատեգորիայի մեջ չի ընդգրկվել: Վարկանիշը կազմվում է Vouchercloud. (https://www.vouchercloud.com/resources/worlds-smartest-countries) պորտալի կողմից:
Հետազոտողները կազմել են <ամենախելացի 25 պետությունների> ցանկը: Նրանց եզրահանգումները հիմնվում են երեք տարբեր գործոնների վրա՝ նոբելյան մրցանակակիրների թիվը (Nobel Prizes won to represent historic intelligence), բնակչության միջին IQ-ն (current average IQ to represent present intelligence) և դպրոցներում առաջադիմության արդյունքները (educational attainment - the intelligence of the future generation)։ Ինչպես բացատրում են վարկանիշը կազմողները, այդ տվյալները պատկերացում են տալիս երկրի ինտելեկտուալ անցյալի, ներկայի և ապագայի մասին։
Առաջին հինգ հորիզոնականներում են՝ Ճապոնիան, Շվեյցարիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Նիդեռլանդները։ Վարկանիշի հաղթողը բարձր դիրքեր է զբաղեցնում բոլոր երեք ցուցանիշներով։ Ռուսաստանը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը: Նոբելյան մրցանակակիրների թվով այն ընդգրկվել է առաջատարների ութնյակում, իսկ դպրոցական կրթության մակարդակով վեցերորդն է: IQ բարձր մակարդակով պետությունների ցուցակում ռուսներն զբաղեցրել են 32-րդ հորիզոնականը: Հետաքրքիր է, որ կրթական ոլորտում ԱՊՀ երկրների թվում, Ռուսաստանից բացի, վարկանիշում ընդգրկվել է Ղազախստանը՝ զբաղեցնելով պատվավոր 9-րդ հորիզոնականը:
Չինաստանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ գերազանցապես շնորհիվ բնակիչների ինտելեկտի բարձր մակարդակի (երկրորդն աշխարհում), մինչդեռ ԱՄՆ-ը չորրորդն է՝ շնորհիվ նոբելյան մրցանակակիրների թվի (առաջինն աշխարհում)։
Vouchercloud-ը հատուկ ուշադրություն է դարձնում արևելաասիական երկրների ցուցանիշներին։ Օրինակ՝ Հարավային Կորեան, Թայվանը և Սինգապուրը առաջինն են բարձր ինտելեկտուալ բնակիչների և կրթված երիտասարդության թվով, իսկ ընդհանուր վարկանիշը չեն գլխավորել՝ նոբելյան մրցանակակիրների թվի ցածր ցուցանիշների պատճառով: Օրինակ՝ երկու չափանիշով Սինգապուրը զբաղեցրել է առաջին տեղը, սակայն մրցանակակիրների թվով 73-րդն է: