Արմինֆո. Նոր կառավարությունը պետք է նոր մեխանիզմներ եւ շփումներ հաստատի Հայաստանի արտաքին տնտեսական գործընկերների հետ: Այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով Հայաստանի տնտեսական դիվանագիտության ակտիվացման հնարավորությունների վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին:
«Պետությունների փոխհարաբերությունների ձեւաչափն իրականացվում է կոնկրետ մարդկանց կողմից: Մենք ունեինք էլիտա, որը բաղկացած էր Սերժ Սարգսյանից եւ իր շրջապատից եւ աշխատել է տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսական դիվանագիտության ոլորտում: Այս ոլորտում կային մշակված մեխանիզմներ, ձեւավորվել էին ֆորմալ միջկառավարական հանձնաժողովներ, դեր էին խաղում ոչ պաշտոնական եւ անձնական հարաբերությունները: Հիմա իշխանության են եկել բոլորովին նոր մարդիկ, որոնք ունեն կամք, ունեն տարբեր գործընկեր երկրների` Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ փոխհարաբերությունները շարունակելու և խորացնելու մտադրություն», - հայտարարել է քաղաքագետը:
Փորձագետը նշել է, որ այժմ ընթանում է փոխադարձ ծանոթության փուլ` հարաբերությունների հետագա զարգացման համար: «Հարկավոր է տեխնիկա, ավանդույթներ, այս գործընթացը դեռ նոր է սկսվել, եւ մենք տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ, որոշակի սխալներ են կատարվում, ինչ-որ բան այնպես չի արվում, որոշ բաներ լիովին չեն ընկալվում: Բայց դա նորմալ է, ժամանակ պետք է անցնի, և պետք է ձեւավորվեն նոր ձեւաչափեր, նոր կապեր: Պատրաստակամությունն ու քաղաքական կամքը կարող են ամեն ինչ փոխել դեպի ավելի լավը», - եզրափակել է փորձագետը: