Արմինֆո.Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ անցած տարին շատ կարևոր էր Հայաստանի քաղաքական կյանքի համար, երկրում տեղի ունեցավ քաղաքական ընտրախավի փոփոխություն: Այդ մասին հունվարի 11-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, իշխանափոխությունից հետո հասարակության մոտ առաջանում են լուրջ հույսեր, իսկ երկրում՝ լուրջ մարահրավերներ: <Իհարկե, շատ կարևոր գործոն է այն, որ իշխանափոխություն տեղի է ունեցել առանց բռնության, և պահպանվել է օրենքի տառը, այսինքն՝ իշխանության բռնազավթում չի եղել: Կարևոր է նաև այն փաստը, որ նոր կառավարությունը մտադիր է պահպանել երկրի արտաքին քաղաքականության բոլոր հիմնական վեկտորները: Բազմիցս նշվել է, որ Հայաստանի համար շատ կարևոր են Ռուսաստանի, ԵՄ, Իրանի, Վրաստանի և ԱՄՆ հետ հարաբերություները>,- հայտարարել է քաղաքագետը:
Սակայն, փորձագետի խոսքով, հեղափոխությունից հետո, ինչպես սովորաբար լինում է, երկրում ի հայտ են եկել լուրջ մարտահրավերներ: <Շատերն ասում են, որ նոր խորհրդարանում չկա ընդդիմություն, բայց խնդիրը տվյալ դեպքում ավելի լայն է: Պետության ղեկին գտնվող քաղաքական ուժը չունի իշխանության զարգացած համակարգ: Այսօր խորհրդարանական հանրապետությունում, ինչպիսին Հայաստանն է, չկա զարգացած կուսակցական համակարգ: Չզարգացած կուսակցական համակարգի պայմաններում հնարավոր չէ խոսել կառավարման խորհրդարանական համակարգի զարգացման մասին: <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցությունը դեռևս ուժեղ կուսակցություն չէ՝ մարդկային և քաղաքական ռեսուրսների մեծ քանակությամբ: Դա կուսակցություն է, որը դեռ պետք է կայանա: Ավելին, քաղաքական ուժի մոտ շուտով կարող են խնդիրներ սկսվել, քանի որ անհրաժեշտ է մշակել որոշակի ծրագրեր և իրականացնել գործնական քաղաքականություն>,- նշել է Իսկանդարյանը:
Նա ընդգծել է, որ 2019 թվականը Հայաստանում քաղաքական դաշտի կայացման տարի կլինի: <Շատերը խոսում են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման մասին, սակայն ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն, այլ նաև զարգացած քաղաքական ինստիտուտները: Անշուշտ, այսօր հասարակությում նոր իշխանությունը բավական ուժեղ աջակցություն է վայելում, սակայն դա ավելի շուտ անձնային աջակցություն է: Հայաստանի բնակիչների մեծ մասն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե նրա թիմի ներկայացուցիչներին: Բանն այն է, որ նորընտիր խորհրդարանի շատ անդամներ նորեկներ են քաղաքականությունում, և նրանց թվում շատ են անփորձ կադրերը>,- եզրափակել է քաղաքագետը: