Արմինֆո.Bloomberg գործակալությունը հրապարակել է երկրների վարկանշային աղյուսակը` ըստ դրանց բնակչության «արատավորության՚ աստիճանի: Քաղաքացիների «անբարոյական կենսակերպի՚ հակումը որոշվել է սպառվող ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի քանակի և մոլախաղերից ՀՆԱ-ի կորուստների վերաբերյմալ տվյալների հիման վրա: Պարզվել է, որ աշխարհի ամենաանմեղ երկիրը Զամբիան է, իսկ ահա Հայաստանը հայտնվել է վարկանշային աղյուսակի «պատվավոր՚ 4-րդ տեղում:
Ինչպես հաղորդել է fototelegraf.ru կայքը, հղում անելով Bloomberg-ին, Հայաստանն այդ ցուցակում հայտնվել է, հիմնականում, իր բնակիչների «խաղամոլության՚ պատճառով: Մոլախաղերից ՀՆԱ-ի տոկոսային կորուստների ծավալով երկիրը երկրորդ տեղում է` զիջելով միայն Ֆիլիպիններին: Երրորդ տեղում Ավստրալիան է, քանի որ երկրի բնակչությունն առավել հակում ունի էքստազիի, ամֆետամինների և մոլախաղերի նկատմամբ: Երկրորդ տեղում Սլովենիան է, որը, զեկույցի հեղինակների կարծիքով, այնտեղ հայտնվել է պատահաբար: Պարզվել է, որ աշխարհի «ամենաարատավոր՚ երկիրը Չեխիան է, ինչը պայմանավորված է ոչ այնքան գարեջրի և աբսենտի նկատմամբ բնակչության հակումով (ալկոհոլի սպառման ցուցանշով Չեխիանն 4-րդ տեղում է), այլ թմրանյութերի նկատմամբ հակումով. այստեղ չեխերը երկրրոդ տեղում են: Որքան էլ տարօրինակ թվա, հենց Չեխիան է աշխարյում առաջին տեղն զբաղեցնում կանաբիսի սպառման ցուցանիշով: Ընդ որում, Հոլանդիան չի ներառվել նույնիսկ այդ ցուցանիշով առաջատարների տասնյակում:
Նշենք, որ Հայաստանից հետո հինգերորդ տեղում Բուլղարիան է, որը, պարզվում է, աշխարհի «ամենածխող՚ երկիրն է: Վեցերորդ տեղում Իսպանիան է: Աշխարհում իր գինիով հայտնի այս հրաշալի երկրին արատավորում է կոկաինի նկատմամբ բնակչության հակումը, որի շնորհիվ իսպանացիներն առավելույն ցունցանիշ են դրսևորել: Ուշագրավ է, որ Կոլումբիան, որը հայտնի է որպես աշխարհում կոկաինի հիմնական արտադրողներից եւ մատակարարներից մեկը, ըստ Bloomberg- ի, գործնականում այն չի սպառում: Յոթերորդ տեղն զբաղեցրած Բոսնիա եւ Հերցեգովինայի բնակիչները ամենից քիչ ալկոհոլ են օգտագործում այս ցուցակի երկրների շրջանում: Աշխարհում ամենից քիչը, ըստ Bloomberg- ի, խմում են Լիբանանում: Բոսնիա եւ Հերցեգովինայի տեղն այս ցուցակում ապահովել է, հիմնականում, ծխախոտի ու մոլախաղերի նկատմամբ բնակիչների հակումը:
Այն կարծիքը, թե Bloomberg- ի վերլուծաբանների աչքում Ռուսաստանին արատավորել է սերն օղու նկատմամբ, իրականությանը չի համապատասխանում: Ռուսաստանը, որը զբաղեցնում է 8-րդ տեղը վարկանշային աղյուսակում, ալկոհոլի սպառման գծով զբաղեցնում է ընդամենը 6-րդ տեղը, 3-ը` ծխախոտի սպառման գծով, եւ 2-րդ տեղում է ափիոնի սպառման գծով` ԱՄՆ-ից հետո: Փոխարենը` Ռուսաստանում, Bloomberg- ի տվյալներով, այժմ գրեթե չկան մոլախաղային կորուստներ. այս ցուցանիշը Ռուսաստանում, ինչպես Սալվադորում եւ Գվատեմալայում, ամենացածրն է աշխարհում:
9-րդ տեղում հայտնված Բելառուսը «ամենաարատավոր՚ երկրների 10-նյակում հայտնվելու համար պետք է «երախտապարտ» լինի իր հարբեցող քաղաքացիներին: Պարզվում է` բելառուսները շատ են խմում, աշխարհում ամենից շատ` ըստ Bloomberg-ի: Այս ցուցանիշով առաջատար եռյակում են նաև Ուկրաինայի եւ Էստոնիայի բնակիչները:
Հունաստանը, որը եզրափակում է «արատավորության» վարկանշային աղյուսակը, աշխարհում երկրորդն է սպառվող գլանակների ցուցանիշով:
Հավելենք, որ Հայաստանի նոր իշխանությունները մտադիր են վերջ տալ մոլախաղերի արատավոր ներգործությանը երկրի բնակչության և տնտեսության վրա: Երկրի ՀՆԱ-ի աճի գրեթե կեսը բաժին է ընկնում ծառայությունների ոլորտին, որտեղ տիրում են մոլախաղերը: Կառավարության նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել է այդ արատավոր երևույթին վեջ դնելու վճռական մտադրության մասին: