Արմինֆո. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է «Վեդոմոստի» թերթի ընթերցողների վարկածով իր` տարվա քաղաքական գործիչ ճանաչվելու հանգամանքը։
Facebook-ի իր էջում անդրադառնալով թերթի հրապարակմանը` Փաշինյանը գրել է, որ իրեն իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը։ «Բայց կարծում եմ` պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Երկուսի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա», – ընդգծել է Փաշինյանը։
«Վեդոմոստիի» ավանդական հատուկ նախագծում խմբագրությունն ու ընթերցողները տարվա անձանց են ընտրում 6 անվանակարգում ։ Թերթի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են Հայաստանի ղեկավարին։ Քվեարկության արդյունքները հրապարակվել են դեկտեմբերի 27-ին։