Արմինֆո.Կոնվերս Բանկի կողմից ավանդաբար իրականացվող <<Դարձիր Ձմեռ պապ>> նախագծի շրջանակներում երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Վարդենիսի տարածաշրջանի երկու բնակավայր են այցելել Բանկի աշխատակիցները և դպրոցականներին փոխանցել ամանորի նվերները, որոնք, իրենց նամակներում, Ձմեռ պապից խնդրել էին հենց երեխաները:
Ընդհանուր առմամբ, այս տարի <<Դարձիր Ձմեռ պապ>> նախագծի շահառու է դարձել 79 դպրոցական:
<< Նոր տարվան նախորդող օրերին երեխաների հետ հանդիպումը հաճելի ավանդույթ է, որին անհամբեր սպասում ենք ողջ տարին: <<Դարձիր Ձմեռ պապ>> -ը արդեն 8 տարվա պատմություն ունի և Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն նախագծերից է: 2011թ-ից ի վեր Կոնվերս Բանկը՝ հաճախորդների և աշխատակիցների հետ միասին, <<Ձմեռ պապ>> է դարձել Տավուշի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի մարզերի հեռավոր ու սահմանամերձ գյուղերում բնակվող մոտ 800 երեխաների համար՝ կատարելով նրանց նախաամանորյա ցանկությունները և պարգևելով փոքրիկ տոն >>,- ասացին Կոնվերս Բանկում՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին և աշխատակիցներին նախագծին ակտիվ մասնակցության, երեխաների նկատմամբ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի, ջերմության համար: