Արմինֆո. 2019 թ. Հայաստանում ևս մեկ ճոպանուղի կկառուցվի: Այդ մասին դեկտեմբերի 26-ին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը:
Նա նշել է, որ խոսքը վերաբերում է մի քանի տասնյակ միլիոն դոլարին: <Երեկ երեկոյան տեղի ունեցավ ներդրողների հետ հերթական հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ տարեսկզբին մշակված բիզնես ծրագրով ձմեռային զբոսաշրջային ենթակառուցվածքների կառուցման ծրագրի իրականացման շուրջ>,- ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահը: Նա նաև նշել է, որ պետությունն իր հերթին մտադիր է աջակցել, մասնավորապես՝ ճանապարհների կառուցման և էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերում:
Ներդրողի և նախագծի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ նա չի բացահայտել, սակայն նշել է, որ զբոսաշրջային տեսակետից այն շատ գրավիչ տարածք է, որտեղ գեղատեսիկ բնություն է և արդեն կան հյուրանոցներ: <Դա Հայաստանի ամենից շատ հաճախվող զբոսաշրջային քաղաքներից մեկն է>,- նշել է նա:
Նրա կարծիքով, Հայաստանում ևս մեկ ճոպանուղու կառուցումը թույլ կտա բարձրացնել սպասարկման որակը, վերանայել գնային քաղաքականությունը և այլն: