Արմինֆո.Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են և շարքից դուրս եկել։
Գյուղի հիմնական փողոցները լուսավորվել են միայն երկու տարի առաջ՝ համայնքների զարգացումը ծրագրային ուղղություն դարձրած կազմակերպությունների գործակցության արդյունքում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով, միայն 2017թ.-ին, Ծովակում տեղադրվել է 50 LED լուսարձակ, իսկ այս տարվա ամռանը՝ ևս 43-ը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ստեղծման շնորհիվ՝ գյուղում լուսավորվել է 3300 մետր փողոց, որից շուրջ 1800 մետրը 2017թ.-ին և 1500 մետրը՝ ընթացիկ տարում:
Ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո, էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը և համայնքի բնակիչները:
«Այս ծրագիրն ունի կարևոր երկու նպատակ՝ նպաստել համայնքների զարգացմանը և թեթևացնել առկա բեռը: Նոր ենթակառուցվածքների կառուցումն իրականացվում է այդ տրամաբանությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ այս գյուղում ծրագիրն ունեցել է հաջող ընթացք. փողոցները լուսավորվել են, իսկ դրա համար ծախսվող միջոցները լրացուցիչ բեռ չեն հողի մշակի համար: Կա նաև առաջին հայացքից քիչ նկատելի, բայց առավել կարևոր արդյունք՝ մայրաքաղաք-գյուղ տարբերության կրճատումը: Դա չափազանց կարևոր է՝ հատկապես արագ տեմպերով զարգացող ժամանակակից աշխարհում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն էլեկտրական լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական և էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ՝ գյուղական համայնքները էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը, իսկ համայնքային միջոցների խնայումը նպաստում է գյուղական կյանքի աշխուժացմանը: Ծովակում համակարգի արդյունավետությունը զգացել են ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից: 2017թ.-ից խնայված միջոցներով, մասնակիորեն լուծվել է ևս մեկ խնդիր. համայնքը կառուցել է ավելի քան 1 կմ. երկարությամբ խմելու ջրագիծ:
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:
Ծովակ գյուղի մասին
Ծովակ համայնքում 1827-1828 թվականից բնակվում են հայրենադարձներ՝ Արևմտյան Հայաստանի Մուշ բնակավայրից։ 1920-ական թվականներից Ծովակը հայտնի է եղել իր նավահանգստով, որտեղից կապ է հաստատվել Սևան քաղաքի հետ, իրականացվել է նավթամթերքի և տորֆի տեղափոխում: Հին գյուղի ավերակների և բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արևմտյան բարձրադիր մասում:
Մոտ 3500 բնակիչ ունեցող գյուղի տնտեսության հիմնական ուղղություններ են՝ ձկնորսությունը, կարտոֆիլի և հացահատիկի, ինչպես նաև բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակումը: Գյուղացիները հիմնականում զբաղվում են մանր և խոշոր եղջերավորների անասնաբուծությամբ և թռչնաբուծությամբ։
«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին
Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։
ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am