Արմինֆո. Ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը պետք է պատմության աղբանոցը նետվի: Այդ մասին Մասիս քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այս ընտրությունների ընթացքում բնակիչները պետք է ապացուցեն, որ ՀՀԿ ներկայացուցիչներն այլևս տեղ չունեն Հայաստանի քաղաքական կյանքում: <Դեկտեմբերի 9-ին կարձանագրվի Հայաստանի քաղաքացիների հաղթանակը կոռուպցիայի և ամենաթողության նկատմամբ>,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը նշել է, որ կցանկանար անդրադառնալ նաև արտաքին քաղաքական օրակարգին: Նա նշել է, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: <Քանի որ կողմերը կոնսենսուսի չեն եկել, երեկ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահն առաջարկել է դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել: Սակայն, այնուամենաիվ, ես կմեկնեմ Սանկտ Պետերբուրգ, քանի որ դեկտեմբերի 6-ին այնտեղ տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը>,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ դեկտեմբերի 6-ին քարոզարշավ չի անցկացնի:
Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ դեկտեմբերի 7-ին <Իմ քայլը> դաշինքը քարոզարշավ չի անցկացնի, այդ օրը դաշինքի ներկայացուցիչները կայցելեն երկրաշարժից տուժած քաղաքներ: <Այդ օրը տեղի կունենա կառավարության արտագնա նիստը Գյումրիում, ինչից հետո մենք կայցելենք նաև Սպիտակ և Վանաձոր>,-ասել է Փաշինյանը:
Նշենք, որ այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է անհապաղ հեռացնել չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները:«Բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին խնդրում եմ՝ անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում, և կապ չունի, թե դա որ կուսակցությանն է>,- ասել է նա: