Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 6-ին: Նախօրեին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, վերջին հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահն առաջարկել է դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել, «քանի որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ՚, որպեսզի կողմերն աշխատանքային կարգով քննարկեն, և հետո միայն գան պատրաստի լուծումներով: «Ես համաձայնեցի, քանզի կարծում եմ, որ ավելի ճիշտ է այդ հարցը լուծել աշխատանքային ընթացակարգերի միջոցով՚, - նշել է Փաշինյանը:
Նա ընդսմին հայտարարել է, որ հայկական կողմը չի փոխել իր դիրքորոշումը Հայաստանից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելու հարցի նկատմամբ: «Քանի որ մենք այժմ փոխհամաձայնության չենք հանգել, իմաստ չունի կրկնել Աստանան, և դա կառուցողական չէ: Պայմանավորվածությունը հետևյալն էր. մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, քանի դեռ փոխհամաձայնության չենք հանգել՚, - ասել է Փաշինյանը:
Հավելենք, որ նախօրեին Հայաստանի վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը ՌԲԿ-ին հայտարարել է, որ ՀԱՊԿ մասնակից երկրների ղեկավարները մինչև 2019 թիվը գլխավոր քարտուղար չեն ընտրի: «Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու: Օրակարգն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի հանդիպման բոլոր մասնակիցներին՚, - հայտարարել է Գասպարյանը: Նա հավելել է, որ մինչև դեկտեմբերի 31-ը ՀԱՊԿ շրջանակում հանդիպում չի նախատեսվում, ուստի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը մինչև հաջորդ տարի հայտնի չի լինի: