Արմինֆո. Գերժամանակակից գծային արագացուցիչով ճառագայթային բուժման ծառայություններ տրամադրող իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերության ներկայացուցիչները, որոնք նաև հայկական «Իրա Մեդիքլ Գրուպ» բժշկական ընկերության համահիմնադիրն են, Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն են հայտնել տարեկան 60 հայ հիվանդի բուժել լիովին անվճար:
Հանդիպման ընթացքում իրանական ընկերության ներկաայցուցիչները նաև հաղորդել են, որ վերջին մեկ ամսում իջեցրել են ճառագայթային բուժման գները այնքան, որ դրանք ավելի մատչելի լինեն տարածաշրջանի բոլոր երկրների գներից, այդ թվում՝ Վրաստանից, ձեռք են բերել հատուկ դոզիմետր և պլանավորման կոմպլեքս իրենց արագացուցիչի համար, ինչը թույլ կտա կիրառել թիրախային ճառագայթման iMRT գերժամանակակից մեթոդը, որը ցուցված է բարդ ուռուցքների դեպքում։ «Վարան Փարթո Դարման» ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, իրենք պատրատվում են ևս մեկ ժամանակակից գծային արագացուցիչ տեղադրել մոտակա 6 ամիսների ընթացքում, որպեսզի մեկ սարքի խափանվելու դեպքում պացիենտների բուժումը չկանգնի։ Մտադիր են տեղադրել նաև բրախիթերապիայի սարք, եթե հայկական կողմը նման ցանկություն հայտնի։ Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատարն, իր հերթին, հայտնել է, որ նախարարությունը առաջին անգամ պատրաստվում է պետական պատվեր տրամադրել այդ ծառայության համար՝ նախնական 100մլն դրամի շրջանակներում, ինչը թույլ կտա բուժել տարեկան մինչև 200 հիվանդի։