Արմինֆո.Հայ-իսրայելական հարաբերություններում գոյություն ունի պատկառելի ներուժ, որը մենք չենք գործածում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` իսրայելական maariv պարբերականում հրապարակված հարցազրույցում:
«Մենք տալու և ստանալու շատ բան ունենք գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության՝ հատկապես իննովացիոն կրթության ոլորտներում: Մենք դրանք ներդնում ենք ամենավաղ տարիքից: Մենք շարժական հավելվածներ ենք ստեղծում, որոնք միլիոնավոր օգտատերեր են ներբեռնել: Ես հուսով եմ այցելել Իսրայել քաջալերելու բանակցություններն ու համաձայնագրերը, ստեղծելու մի հարթակ, որում փորձագետները կկարողանան համագործակցել», - ընդգծել է արտգործնախարարը:
Անդրադառնալով երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հեռանկարներին` Մնացականյանը նշել է. ՙԵս լավատես եմ, կարծում եմ, դա տեղի կունենա: Մենք ձգտում ենք ավելի բարձր մակարդակի հասցնել մեր հարաբերություններն Իսրայելի հետ՚:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Հայաստանը համաձայն կլինի դեսպանություն բացել Երուսաղեմում, Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է. ՙՄենք հասկանում ենք բոլոր նրբությունները: Մենք կանենք այն, ինչը կնպաստի գործընթացին՚:
Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, ինչից հետո Պաղեստինի առաջնորդ Աբու Մազենը հայտարարեց Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները խզելու մասին: ԱՄՆ-ից հետո իրենց դեսպանությունները որոշեցին Երուսաղեմ տեղափոխել Գվատեմալան և Պարագվայը: Վերջերս երկրի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտադրության մասին հայտարարել է Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն: