Արմինֆո. Առավոտից Երևանի տարբեր դպրոցներից ահազանգեր եմ ստանում այն մասին, որ ուսումնական հաստատությունների աշխատակիցներին հորդորում են մասնակցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վաղվա երթին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Պատգամավորը հայտարարել է նաև, որ այդ տեղեկատվությունը ստուգվել է և հաստատվել, որ կառավարությունը փորձում է որքան հնարավոր է շատ մարդ հավաքագրել վաղվա երթի համար: <Այսինքն՝ այսօրվա իշխանությունները գործում են նույն սխեմայով, ինչում ժամանակին նրանք մեղադրում էին մեզ: Փաշինյանն օգտագործում է որոշակի լծակներ՝ դեռ նախընտրական քարոզարշավը չսկսած>,- նշել է Աշոտյանը:
Բացի այդ, պատգամավորը նշել է, որ նամակ է ստացել մի խումբ գիտնականներից, ովքեր հայտարարել են, որ բոլոր ՊՈԱԿ-ների, գիտակրթական ուսումնական հաստատությունների հաշիվները տեղափոխվելու են ՀՀ գանձապետարան։
<Դա մեծ հարված է գիտակրթական հիմնարկների ակադեմիական ազատություններին, քանի որ գիտությամբ զբաղվող մարդիկ զգալիորեն կախված կլինեն պետությունից և այն բանից, թե երբ և ինչպես է հատկացվելու ֆինանսավորումը>,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ դեպքում կդադարեցվեն բլոր դրամաշնորհային ծրագրերը, քանի որ դրանք փոխանցվում են անմիջապես գիտական հաստատություններին: