Արմինֆո. Մոտ ժամանկներս Քննչական կոմիտեն հանդես կգա ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով պարզաբանումներով: Այդ մասին Արթուր Վանեցյանը հայտարարել է նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, Քննչական կոմիտեում շարունակվում է հարուցված քրեական գործի շրջանակներում հետաքննությունը, անցկացվում են փորձաքննություններ: <Տվյալ պահին ոչինչ ասել չեմ կարող: Քնչական կոմիտեն մոտ ժամանակներս հանդես կգա այդ հարցի առնչությամբ համապատասխան հայտարարություններով>,- ասել է Վանեցյանը:
Խոսելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բացահայտումների մասին՝ Վանեցյանը ձեռնպահ է մնացել մանրամասներ հրապարակելուց: Նրա խոսքով, Քոչարյանի գործով օպերատիվ աշխատանքը շարունակվում է, և դրա ավարտից հետո միայն հնարավոր կլինի պատասխանել հարցերին: <Եթե հիմա հանդես գամ հայտարարություններով, կսկսվեն շահարկումներ: Ավելի լավ է ավարտենք օպերատիվ աշխատանքը, պատրաստենք անհրաժեշտ բոլոր հիմնավորումները, և երբ լինի համապատասխան հրապարակում, կկարողանանք պատասխանել բոլոր հարցերին>,- ասել է Վանեցյանը:
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառակերության փաստով՝ ԱԱԾ ղեկավարը հայտարարել է, որ այդ մասին մանրամասներ կհաղորդվի մոտ օրերս: