Արմինֆո. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, այսօր, 2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ դժգոհություն է հայտնել, որ Ազգային ժողովի շենքը վերանորոգման կարիք ունի, սակայն, 2018 թվականին կառավարությունը միջոցներ չի հատկացրել շինարարական աշխատանքների համար: Ավելին, կառավարությունն այդ առաջարկը մերժել է երկու անգամ:
Նրա խոսքով, մի դեպքում 109 միլիոն դրամ պահանջվեց, իսկ մյուս դեպքում`205 միլիոն դրամ, բայց երկու դեպքում էլ գումարը չհատկացվեց: «Ես կոչ եմ անում պատգամավորներին ուշադրություն դարձնել այս հանգամանքին և 2019 թվականի Բյուջեի նախագծում ամրագրել անհրաժեշտ գումար, հակառակ դեպքում 7-րդ գումարման խորհրդարանն ստիպված կլինի աշխատել անմխիթար վիճակում գտնվող շենքում, վնասված սանտեխնիկայով», - ասել է Սաղաթելյանը: 2019 թվականին խորհրդարանին նախատեվսում է հատկացնել 5,2 մլրդ դրամ:
Նա նաև նշել է, որ 2019 թվականին նախատեսվում է առնվազն 48 հերթական նիստ և 23 արտահերթ նիստ, մոտ 28 խորհրդարանական լսում և 25 ճեպազրույցներ: «Տարվա ընթացքում նախատեսվում է ընդունել 380 օրենք, իսկ պաշտոնական պատվիրակությունների կողմից կկազմակերպվեն 23 այցելություններ, ինչպես նաև բարեկամական խմբերի 7-10 այցելություն», - եզրափակել է Սաղաթելյանը: