Արմինֆո. «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը «ապօրինի և շինծու՚ է համարում իրեն ներկայացված մեղադրանքը:
«Ազատության՚ հետ հարցազրույցում նա, մասնավորապես, հայտարարել է. «Էդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու և, չգիտեմ, երևակայություն, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու»: Քննչական խմբի նախկին ղեկավարը պնդել է, թե մեղադրանքն ուղղորդված է, սակայն չի նշել` ում կողմից։ նաև ասել է, որ մեղադրանքի որոշումը դեռ չի ստացել, ստանալուց և ծանոթանալուց հետո դրան հանգամանալից կանդրադառնա: «Քրեական գործի քննության ընթացքում, որը եղել է իմ վարույթում երկար ժամանակ, չեն եղել ապացույցներ Զինված ուժերի կողմից որևէ հակաօրինական գործողություն կատարելու, կամ պարկուճներ հայտնաբերելու և այլն: Ես հիմա չեմ հիշում, հազարից ավել՝ 1600 թե 1800, թվերը լավ չեմ հիշում, պարկուճ էր մենակ դեպքի վայրից հայտնաբերվել, էնտեղ բազմաթիվ պարկուճներ կային, որոնց պատկանելությունը, կարծեմ մի քանի հարյուր, եթե չեմ սխալվում, որոնց կրակած զենքերը չեն հայտնաբերվել»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ՀՔԾ հաղորդագրությունը, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը: «Ըստ մեղադրանքների` Վ. Հ.-ն 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ ընդունելուց հետո նշանակվել է քննչական խմբի ղեկավար: Վերջինս նշված քրեական գործով նախաքննության ընթացքում ի պաշտոնե հայտնաբերել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն: Մինչդեռ նա, հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու և տեղի ունեցածն իրավաչափության քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, այդ, ինչպես նաև իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, քննչական խմբի որոշ քննիչների հետ և ոստիկանության այլ ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ, կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված և վերցված ապացույցների կեղծելը: Մասնավորապես, քրեական գործով 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Վ. Հ.-ն և քննչական խմբի քննիչը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի պաշտոնատար անձին և հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Նշված պաշտոնատար անձը հիշյալ հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի իրեն ենթակա ծառայողներին: Վերջիններս ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների հետ ոստիկանության զորքերի՝ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի և տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հանձնվել քննիչին: Այնուհետև պարկուճները տրամադրվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: Վերջինս, օժանդակելով Վ. Հ.-ին, նրա կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով նշված պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ։ Այնուհետև Վ. Հ.-ն անձամբ, ինչպես նաև իր ղեկավարման տակ գտնվող քննչական խմբի մյուս քննիչների միջոցով մինչև 2011 թվականի նոյեմբերի 17-ը, փոխարինված պարկուճները որպես կեղծված ապացույցներ և դրանց վերաբերյալ փորձագետի կեղծ եզրակացությունը հիմք ընդունելով, շարունակել է հիշյալ քրեական գործով նախաքննության կատարումը՝ վերը նկարագրված իրադարձություններին ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մասնակցության, այդ ստորաբաժանումների ծառայողների կողմից հրազեն գործադրելու փաստերը հերքելու և բացառելու ուղղությամբ: Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համարՎ. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վ. Հ.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է՚, - ասվում է ՀՔԾ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանին ազատել էր Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալի և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: