Արմինֆո.Գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին:
Ինչպես «Ազատությանը՚ հաղորդել է գործարարը, 8 միլիոնը փոխանցել է Դուբայի իր ներկայացրած հաշվին, իսկ 6 միլիոնը կանխիկ մաս-մաս տվել է Ավագյան Սուրենի միջոցով: Ս.Համբարձումյանի հավաստմամբ, կաշառք տալուց հետո լիցենզիան ստացել է, բայց կարճ ժամանակ անց առանց պատճառաբանության այն կասեցվել է: Գործարար կնոջ խոսքով՝ երբ Արամ Հարությունյանից պահանջել է գումարը վերադարձնել, վերջինս փոխարենն անշարժ գույք է խոստացել, հետո դա էլ չի տվել, ինչից հետո գործարարը հայտարարություն է տվել 6-րդ վարչություն:
Համբարձումյանը պատմել է, որ Արամ Հարությունյանի պահանջած գումարն ինքը մաս-մաս փոխանցել է Արաքս Դիլանյան անուն-ազգանունով քաղաքացու հաշվեհամարին, նա էլ այդ գումարը փոխանցել է ՀՀ 3 քաղաքացիների՝ Դուբայի հաշվեհամարներին:
Հոկտեմբերի 24-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ պատգամավորներից մեկը կասկածվում է խոշոր կաշառք ստանալու մեջ, մամուլում շրջանառվեց հենց Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի անունը: Փաշինյանը նաև ասել էր, որ այլ երկրներից մեկի արտգործնախարարությունից փաստաթղթի են սպասում:
Սիլվա Համբարձումյանն ասել է, որ գործը վերջնականապես ավարտին հասցնելու համար շուտով Դուբայից նշված երեք քաղաքացիների վերաբերյալ թուղթ են ստանալու: «Մեր քննչական ծառայությունը ուզում է ճշտել այդ մարդկանց անձնագրերը, որ ուղարկեն: Շուտով դա էլ կուղարկեն», - ասել է նա:
Հարցին, թե ընդունում է, որ իր կաշառք տալը նույնպես քրեորեն պատժելի արարք է, Համբարձումյանը պատասխանել է, որ 2008-ին այդ օրենքը չկար: «Ես համարում եմ և միշտ էլ համարել եմ, որ դա պատժելի է, բայց քանի որ նախկին իշխանությունների հետ առնչվելու որևէ տարբերակ չկար՝ որևէ գործունեություն ծավալելու առանց որևէ մի կաշառքի, իմ նման երևի շատ մարդիկ կան, որ ստիպված կաշառքներ են տվել», - հայտարարել է գործարարը, համոզմունք հայտնելով, որ եթե հեղափոխությունը չլիներ, այս գործը չէր բացվի, քանի որ նախկինում այն կասեցվել էր Բաղրամյան 26-ի հրամանով: