Արմինֆո.Հայաստանի օրենսդրության համաձայն, նախկինում հարուցված քրեական գործերի վերանայման համար պետք է ի հայտ գան նոր հանգամանքներ: Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հոկտեմբերի 27-ի գործի վերանայմանն առնչվող հարցին:
Փաշինյանի ասելով, ահաբեկչության հետևանքով տուժածների իրավահաջորդները կարող են ավելին պատմել, քանի որ ծանոթ են գործի նյութերին: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ժամանակին, որպես լրագրող, գիտեր գործի որոշ մանրամասներ, սակայն տվյալ պահին հենց զոհերի իրավահաջորդներն ասելու բան ունեն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ ահաբեկչության հետևում կանգնած են եղել արտաքին կամ ներքին ուժեր, նա նշել է. «Իմ ներկա կարգավիճակում, կարծում եմ, ճիշտ չի լինի որևէ մեկնաբանություն անել՚:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ և գնդակահարեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանին, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանին, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին, Միքայել Քոթանյանին: Նրանց գործողության արդյունքում 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեց։ Ահաբեկչական խմբավորման կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանն ու Էդուարդ Գրիգորյանը: Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: Ոչ նախաքննության, ոչ դատավարության արդյունքում վերջնական պատասխան չտրվեց այն հարցին, թե արդյոք ահաբեկիչները գործել են ինքնուրույն, թե նրանց հետևում ինչ-որ մեկը կանգնած է եղել: 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ 6 ահաբեկիչներ` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: