Արմինֆո. Հանրապետական կուսակցությունը ճնշում է գործադրել իր պատգամավորների վրա, որպեսզի նրանք չգան Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի շուրջ քվեարկութանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ որում, նա հավաստիացրել է, որ խնդիր չի տեսնում, եթե դեկտեմբերին ընտրությունները կայանան գործող Ընտրական օրենսգրքով: <Մեզ համար միևնույն է, դա չի ազդի քվեարկության արդյունքների վրա, քանի որ այն մարդիկ, ովքեր առաջադրվել են ռեյտինգային համակարգով և ձայն բերել ՀՀԿ-ին, չեն առաջադրվելու դեկտեմբերին կայանալիք ընտրություններում: Դա նրանց պետք չէ, նրանք վերջապես ազատվել են քաղաքական նման պարտավորություններից: Ես խոսել եմ գործարար պատգամավորների հետ, և նրանք խոստովանել են, որ նախկինում առաջադրվել են իրենց կամքին հակառակ, քանի որ իրենց համապատասխան հրաման է տրվել երկրի ղեկավարության կողմից: Նրանց ստիպել են առաջադրվել, գումար ծախսել ընտրություններում և ձայներ բերել կառավարող կուսակցությանը>,- հավաստիացրել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ընտրությունները կընթանան ազնիվ և արդար, և եթե դրանց արդյունքում իր ուժ պարտվի, իրենք կընդունեն այդ արդյունքները:
Վարչապետը ևս մեկ հետաքրքիր խոստովանություն է արել: Նա չի բացառել իր գլխավորած ուժի համամասնական ցուցակում պատգամավոր, նախկին հանրապետական Շիրակ Թորոսյանին ներառելու հնարավորությունը: Իսկ ահա նույն ցուցակում նախկին գլխավոր դատախազ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանին ներառելը բացառել է: Ընդհանուր առմամբ Փաշինյանը հնարավոր է համարել իր համամասնական ցուցակում ևս մեկ-երկու հանրապետականի ներառումը:
Նա նաև հայտնել է, որ ընտրությունների կգնա <Իմ քայլը> դաշինքով, որը կգլխավորի ինքը:
Փաշինյանը դժվարացել է նաև ասել թե արդյոք մեկ շաբաթ անց երկրորդ անգամ կառաջադրվի վարչապետի պաշտոնում: <Մենք պետք է քննարկենք այդ հարցը իրավաբանների հետ և որոշենք՝ ըստ նպատակահարմարության և համաձայն իրավական նորմերի>,- ասել է Փաշինյանը: