Արմինֆո. Նոյեմբերի 11-ին նախատեսվող Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները պետք է նաև առիթ հանդիսանան 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման կամ դատապարտման համար: Այդ մասին Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությանը (RTS) հարցազրույցում հայտարարել է Հայատանի նախագահ Արմեն Սարգսյանը:
«Չգիտեմ ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ չանդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային: Պետությունների ղեկավարների կողմից այդ փաստի ճանաչումը բարձր կգնահատվի իմ, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի կողմից>, - ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության չճանաչվածության պատճառով հետագայում տեղի ունեցան այլ ցեղասպանություններ:
Ըստ որում, նա նշել է, որ պատրաստ է երկխոսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: <Ես կասեի նրան՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից և Բիթլիսից են: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև քո ու իմ երեխաների, թոռների, մեր ժողովուրդների ապագայի մասին: Ես քրիստոնյա եմ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ միշտ կա ներելու հնարավորություն, սակայն ներողամտություն կարող է լինել միայն ճանաչումից հետո>,- հայտարարել է Սարգսյանը: