Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գաղտնի որոշումները բացառվում են: Հոկտեմբերի 24-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, կարգավորման գործընթացում վերջին խոսքը պետք է պատկանի Արցախի ժողովրդին, և հենց Արցախի Հանրապետությունը պետք է մասնակցի բանակցություններին, քանի որ Հայաստանի ոչ մի կառավարություն չի կարող հիմնախնդիրը լուծել` առանց Արցախի ժողովրդի մասնակցության: Քանի դեռ Արցախը ներգրավված չէ կարգավորման գործընթացում, հիմնախնդիրն իր լուծումը չի գտնի: «Ես իրավունք ունեմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, բայց` ոչ Արցախի ժողովրդի անունից, որը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացին՚, - նշել է վարչապետի թեկնածուն:
Նրա ասելով, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց հիմնավորումներն ունեին բանակցային գրոծընթացից Արցախի դուրս մղման համար: Մեկը ԼՂՀ ընտրված նախագահ է եղել, մյուսը` Արցախի պաշտպանության բանակի առաջնորդներից մեկը: Այժմ, ինչպես կարծում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը, անհրաժեշտ է Արցախի վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ, ինչը կլիներ տրամաբանական: «Մենք ուզու՞մ ենք ևս 20 տարի տեսնել հիմնախնդիրը չկարգավորված: Խնդիր չկա: Սակայն առանց Արցախի ժողովրդի այն հնարավոր չէ լուծել՚, - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: