Արմինֆո. Այսօր, հոկտեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:
Հանդիսավոր արարողության ժամանակ Հ.Մարությանը երդվեց, հայտարարելով, որ Երևանի քաղաքապետի լիազորությունների իրականացման ընթացքում նա կկատարի ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, մասնավորապես, ազնվորեն և բարեխղճորեն կկատարի իր պարտականությունները, ծառայելու է Երևանի բարգավաճմանը, խոստանալով հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանմանն ու ավելացմանը, պաշտպանել համայնքների իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը և իր ջանքերն անմնացորդ ներդնել ժողովրդի վստահությունն արդարացնելու համար, նպաստելով բնակչության նյութական և հոգևոր առաջադիմության խթանմանը:
«Ես սիրում եմ մեր Երևանը, ես խենթանում եմ մեր քաղաքի համար։ Սիրում եմ առավոտվա թաց ասֆալտի հոտը, դասի ու աշխատանքի շտապող, ընդմիջման ժամերին քաղցած ու աշխույժ Երևանը, աշխատանքից տուն գնալուց հոգնած, բայց գոհ Երևանը։ Երեկոյան այգիներում ու բակերում օրվա եղածը քննարկող Երևանը։ Երեկոյան զույգերով ու երեխաներով լեցուն ուրախ Երևանը։ Այսքանից հետո ինչ մարդ պետք է լինի, որ դավաճանի Երևանը։ Շնորհակալ եմ վստահության համար։ Համաձայն եմ ամեն բառի հետ, որ հնչեց իմ երդման խոսքում, դա արարողակարգային ընթերցում չէր, այլ իրական երդում էր ձեր և Աստծո առաջ»,–ասաց Հայկ Մարությանը։
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, բարձրաստիճան պաշտոնյաներ: Հատկանշական է, որ խորհրդարանի ղեկավարությունը չի մասնակցել արարողությանը: