Արմինֆո. Վալերի Օսիպյանը «Ոստիկանության մասին՚ օրենքը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այդ օրենքը վերանայելու ՀՅԴ առաջարկությանը, որի նպատակն էր վարչապետի ենթակայությունից Ոստիկանության վերաենթարկումը կառավարությանը:
«Դրա անհրաժեշտություն չեմ տեսնում: Գործող կարգավորումը ոչ մի կերպ չի կաշկանդում Ոստիկանության գործողությունները, որն, առաջին հերթին, ղեկավարվում է ՀՀ սահմանադրությամբ և այդ փաստաթղթից բխող իրավական նորմերով: Այնպես չէ, որ մենք ձեռքներս ծալած նստած ենք` սպասելով ինչ-որ մեկի հանձնարարություններին՚, - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ օրերս ՀՅԴ-ն հանդես էր եկել «Ոստիկանության մասին՚ օրենքը վերանայելու նախաձեռնությամբ: Նրանց հավաստմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև առաջիկա գարուն անցկացնելու «դեմ՚ հիմնական փաստարկներից մեկն այն է, որ Ոստիկանությունը վարչապետի անմիջական ենթակայության ներքո է: