Արմինֆո. Շառլ Ազնավուրին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, հաղորդել է Le Parisien-ը: Աղբյուրի համաձայն, արարողությունը կընթանա Հաշմանդամների տանը, ինչը պնդել են խորհրդարանականները: Ընդ որում, նշվում է, որ արարողությունը կարող է տեղի ունենալ միայն Ազնավուրի ընտանիքի անդամների համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ հոկտեմբերի 2-ին այցելել է Երեւանի «Ազնավուր» կենտրոն եւ գրառում կատարել ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացված սգո մատյանում: Տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Արա Բաբլոյանն ասել է. «Մեծ ցավ է մեզ համար, բայց միեւնույն ժամանակ մեծ հպարտություն, որ նման անձնավորությունը կարողացավ մեկ դար աշխարհին ցնցել իր տաղանդով, իր կարողություններով: Ազնավուրն իր երաժշտությամբ բերեց համերաշխություն, հանդարտություն, բերեց սեր ու բարեկամություն ինչպես Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդների հարաբերություններում, այնպես էլ ամբողջ աշխարհում»: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Շառլ Ազնավուրի հետ իրենց ծանոթությունը սկսվել է Սպիտակի երկրաշարժից հետո, միասին երեխաներին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել եւ պաշտոնական բնույթից հարաբերություններն աստիճանաբար վերաճել են բարեկամական ու ընկերական ամուր կապերի: «Մենք վստահ ենք, որ Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում: Կանցնեն տարիներ, բայց նրա արվեստը կմնա գնահատված»,-ընդգծել է Արա Բաբլոյանը: