Արմինֆո.Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարևորեց տվյալ ուղղություններով համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը:
Հատուկ անդրադարձ կատարվեց առտևրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիներին:
Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն ու Դամդին Ցոգթբաաթարը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը»: Կողմերը վստահություն հայտնեցին, որ համաձայնագիրը ճանապարհ է բացում մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համար, ինչը լավ խթան կհանդիսանա հասարակությունների միջև շփումներ ակտիվացնելու համար: