Արմինֆո. Հայաստանը մեկ շաբաթով (հոկտեմբերի 7-12) կդառնա ֆրանկոֆոնիայի մայրաքաղաք: Սեպտեմբեի 28-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Նա հիշեցրել է, որ Հայաստան են ժամանելու 84 երկրների պետության և կառավարության ղեկավարներ, որոնցից շատերը դիվանագիտական ներկայացուցչություն չունեն Հայաստանում: ՖՄԿ պետք է տոն դառնա Հայաստանի և Ֆրանսերենի համար՚, - համոզմունք է հայտնել ֆրանսիացի դիվանագետը:
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա նախարարների հանդիպում, գործարար համաժողով, 11-12-ին` բուն գագաթնաժողովը, որին կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Հուսանք, որ ՖՄԿ գագաթնաժողովը նաև նոր օրակարգ կբացի հայ-ֆրանսիական հարաբերություններում: Ցանկալի կլիներ, որպեսզի գագաթնաժողովը նոր սկիզբ դառնա Հայաստանի և Ֆրանսիայի միջև, ինչպես նաև ՖՄԿ անդամ երկրների հետ հարաբերություններում: Այդ միջոցառումների ուղերձն այն է, որ ֆրանսերենը հնարավորությունների լեզու է, որով խոսում է շուրջ 270 մլն մարդ՚, - ասել է ֆրանսիացի դիվանագետը, հավելելով, որ միջոցառումների շրջանակում կբացվի Ֆրանկոֆոնիայի գյուղ ավելի քան 20 երկրների, այդ թվում` Ֆրանսիայի տաղավարներով, որը կոչված է դառնալու գործարար և մշակութային շփման վայր: Ֆրանսիայի տաղավարը կզբաղեցնի 150 քմ, որտեղ կներկայացվեն գործարարության և զարգցման, թվանշանային, լրատվության, մշակույթի, գիտության և այլ ոլորտներ: Իսկ հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում համերգին ելույթ կունենա ֆրանսիացի երգչուհի` Zaz բեմական անվամբ: