Արմինֆո.Հայաստանն ու Ֆրանսիան ունեն բոլոր բնագավառներում համագործակցության զարգացման ներուժ: Սեպտեմբեի 28-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Նրա ասելով, այսօր հատուկ ուշադրություն է դարձվում կրթական ոլորտին, սակայն լուրջ ներուժ կա նաև տնտեսության բնագավառում:
«Մենք Ֆրանսիայում կարևորում ենք առաջիկա տնտեսական համաժողովը, որը կընթանա Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հարթակներում: Հարկավոր է հասկանալ, որ ֆրանսերենը երկրորդ լեզու է բիզնես վարելու համար: Ինչպես հայտնի է, Հայաստանի փոխգործակցությունը թույլ է աֆրիկյան երկրների հետ, որտեղ գերակշռող մեծամասնությունը ֆրանսալեզու է: Հետևաբար, վաղն աֆրիկյան երկրների հետ գործարար շփումներ սկսելու և տնտեսական հարաբերությունները զարգացնելու դեպքում ֆրանսերենի կրողները կլինեն համագործակցության շարժիչ՚, - ասել է դեսպանը:
Լաքոտը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Ֆրանսիան նաև հետաքրքրված է Հայաստանի տնտեսությունում ներդրումների ավելացմամբ, ինչի առնչնությամբ ողջունել է ֆրանսիական Carrefour ցանցի երկրորդ խանութի բացումը: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունի զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության լուրջ ներուժ: