Արմինֆո. Ռուսաստանը հուսով է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի անդրադառնա կազմակերպության գործունեության վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին
ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը: «Ռուսական կողմը, ինչպես և մյուս անդամ պետությունները, հետաքրքրված են, որ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույն ազդեցություն ունենա ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետության վրա>,- ասել է Պանկինը։ Նրա խոսքով, հայկական կողմը նախաձեռնել է այդ պաշտոնում Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, գործընթացը սկսված է, և իրականացվում է ՀԱՊԿ-ում գոյություն ունեցող ընթացակարգերի շրջանակներում:
Փոխնախարարն ավելացրել է, որ կազմակերպության գործունեության բազմամյա փորձը տալիս է վստահաբար դեպի ապագան նայելու բոլոր հիմքերը: <Առջևում մի շարք կարևոր միջոցառումներ են, այդ թվում՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որի ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն կազմակերպության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր>,- ասել է նա։ Պանկինը նշել է, որ ներկայումս ՀԱՊԿ-ում աշխատանքն ընթանում է առանց խափանումների, բոլոր ընդունված որոշումներն իրականացվում են: