Արմինֆո. Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումը տեղի է ունեցել ընդլայնված ձեւաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել։
ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։ Տեղի ունեցավ հակամարտության կարգավորման վերաբերյալ մտքերի օգտակար փոխանակում` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առաջիկայում համանախագահների տարածաշրջան այցի շրջանակներում։