Արմինֆո.Ադրբեջանը չի համապատասխանում ՀԱՊԿ և Եվրասիական տնտեսական միության կանոնադրական փաստաթղթերի չափաորոշիչներին, հետևաբար՝ վերջինիս այդ կառույցներում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին խոսք անգամ չկա: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանա, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այն արդեն դիտորդի կարգավիճակ է ստացել ՀՇԿ-ում:
Բալայանը հիշեցրել է, որ թե Ադրբեջանը, թե Հայաստանն ունեն ՀՇԿ հետ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: Նա նաև ավելացրել է, որ իրեն անհրաժեշտ է ճշտել, թե արդյոք Հայաստանի դիտորդի կարգավիճակի համար դիմել է ՀՇԿ-ին: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորությանը, կուզեի ընդգծել, որ տվյալ պահին դա ուղղակի հնարավոր չէ, քանի որ Բաքուն չի համապատասխանում այդ կազմակերպությունների կանոնադրական փաստաթղթերով սահմանված չափորոշիչներին, հետևաբար՝ այդ հարցի շուրջ քննարկումներ չեն եղել>,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Միաժամանակ նա հիշեցրել է, որ այդ կազմակերպություններում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա: