Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետի ընտրություններում կհաղթի Նիկոլ Փաշինյանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել միջազգային փորձագետ, արտաքին կապերի խորհդրարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
«Ընտրությունների մասնակիցների և փորձագետների գլխավոր սխալը Երևանի քաղաքապետի արտասովոր ընտրությունները սովորական իրավիճակներով ու եղանակներով գնահատելու փորձն է: Մինչդեռ, դա ծրագրերի պայքար չէ, կենսագրությունների և փորձերի մրցակցություն չէ: Ընտրությունները հարկավոր է դիտարկել հեղափոխության պրիզմայով, տեղի ունեցած իշխանափոխության պրիզմայով: Մենք` բոլորս, գիտենք, որ Երևանի կառավարման համակարգը լիովին կոռումպացված է: Եվ այն միշտ աշխատել է ինչ-որ մարդկանց համար` կատարելով քաղաքական պատվերներ՚, - նշել է նա:
Համապատասխանաբար, փորձագետի կարծիքով, Երևանում կայանալիք ընտրություններն, առաջին հերթին, հարկավոր է դիտարկել որպես բեկման, այդ արատավոր համակարգի ոչնչացման հնարավորություն, որպես ապրիլյան և մայիսյան իրադարձությունների շարունակություն: Այդ լույսի ներքո` Իգիթյանը կանխատեսում է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում երևանցիները կքվեարկեն երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին:
«Եվ դա ընտրությունների մյուս մասնակիցների հանդեպ իմ ողջ հարգանքով հանդերձ: Օրինակ, Արտակ Զեյնալյանը, իմ հիշողությամբ, Հայաստանի արդարադատության միակ պարկեշտ նախարարն է, և ես շատ կցանկանայի, որպեսզի նա շարունակի այն, ինչ սկսել է այդ պաշտոնում: Նաև շատ կցանկանայի, որպեսզի Երևանի ավագանու խորհրդում լինեին ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Դա միայն կօգնի քաղաքապետին ճիշտ կառավարել քաղաքը և իրենց ներկայությամբ կառուցողականություն կհաղորդեն Երևանի կառավարմանը՚, - ամփոփել է փորձագետը: