Արմինֆո. Երևանի դատախազությունը Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ուղարկել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին առաջադրված «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Գրիգորի Երիցյանի հայտարարության վերաբերյալ մամուլի հրապարակումը, ըստ որի, Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել: Այժմ ոստիկանությունն ստուգում է դրանում նշվող հանգամանքները:
Մինչդեռ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հորդորել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում ձեռնպահ մնալ «այդ էժանագին գործելաոճից՚: «Դրանք վաղուց հնացած և իրենց սպառած եղանակներն են: Նման բան չկա և չի կարող լինել: Մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել է ԲՀԿ կողմից ընտրակաշառք բաժանելու անհնարինության մասին: Իսկ խորհրդարանի մեր խմբակցությունը կողմ է քվեարկել ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար քրեական պատիժը խստացնելու վերաբերյալ օրինագծին: Սրանով ամեն ինչ ասված է՚, - հավաստիացրել է Տոնոյանը: