Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մտադիր է վերանայել իր աշխատանքի հրապարակային եղանակը:
«Ես ի սկզբանե ասել եմ, որ ճիշտ չեմ համարում ԱԱԾ աշխատանքի հրապարակային եղանակը: Սակայն, ելնելով ստեղծված իրավիճակից, բարձր հասարակական հետաքրքրությունից, իմ պաշտոնավարման սկզբում ստիպված էի հավատարիմ մնալ աշխատանքի բաց եղանակին: Իսկ այժմ ձեզ կխնդրեմ կամաց-կամաց սովորել, որ իմ աշխատանքի հրապարակային մասը կսահմանափակվի. ես այսուհետև հաճախ ելույթ չեմ ունենալու և հարցազրույցների չեմ մասնակցելու։ Գործերի մասին խոսելու եմ, բայց` թույլատրելիի սահմաններում», - պարզաբանել է Վանեցյանը։ Նա հենց դրանով է բացատրել հանգամանքը, որ ԶԼՄ-ներում ավելի քիչ տեղեկատվություն է հայտնվում ԱԱԾ կողմից աղմկահարույց բացահայտումների մասին: «Բանն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը վերջին ժամանակները ոչ թե անգործության է մատնված, այլ մենք, պարզապես, չենք հրապարակում մեր կողմից բացահայտված գործերը, այդպես կլինի նաև այսյուհետև՚, - նշել է նա: Վանեցյանի ասելով, ԱԱԾ ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը չպետք է չափազանց հրապարակային լինի: