Արմինֆո. Անհայտ կորածների միջազգային օրը նշվում է այսօր՝ նպատակ ունենալով իրազեկելու կառավարություններին, համայնքներին, ԶԼՄ-ներին և աշխարհի հանրությանը հակամարտությունների և բռնության այլ իրավիճակների հետևանքով անհայտ կորածների խնդրի ու նրանց ընտանիքների կարիքների մասին։ Ղարաբաղյան հակամարտության հրադադարից 24 տարի անց անհայտ կորածների հազարավոր ընտանիքներ շարունակում են սպասել իրենց սիրելիների մասին լուրերի։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ԿԽՄԿ-ն, աջակցում է հակամարտության կողմերին չեզոք միջնորդի իր առաքելությամբ՝ պարզելու այդ մարդկանց ճակատագրերը։ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով կան ավելի քան 4500 անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձիք՝ գրանցված Երևանում և Բաքվում ԿԽՄԿ-ի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության կողմից։ Նրանցից ավելի քան 400-ը գրանցված են Հայաստանում։ 2014-ից կազմակերպությունը հավաքում է կենսաբանական նմուշներ անհայտ կորած անձանց մոտ արյունակիցներից։ Ապագայում՝ արտաշիրմում իրականացնելու դեպքում, այս նմուշները կմեծացնեն աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը։
ԿԽՄԿ-ն տրամադրում է նաև բազմակողմանի աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին, օրինակ՝ օգնում նրանց դառնալ տնտեսապես ավելի կայուն, կողմնորոշվել իրավական կամ առողջական խնդիրներ լուծելիս, ինչպես նաև առաջարկում սոցիալ-հոգեբանական աջակցություն, կազմակերպում հիշատակման միջոցառումներ՝ փորձելով համախմբել համայնքներին նրանց շուրջը։
«Ընտանիքների կարիքները ԿԽՄԿ-ի աշխատանքի կենտրոնում ենե, - ասում է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմը։ «Ընտանիքներն իրավունք ունեն իմանալու իրենց հարազատների ճակատագրի մասին։ Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ պետությունները պետք է երաշխավորեն այս իրավունքը։ Մենք պատրաստ ենք աջակցելու հակամարտող կողմերին առաջադիմել այս կարևոր մարդասիրական հիմնահարցի շուրջ։ Երբեք ուշ կամ շուտ չէ ակտիվացնել ջանքերն այս ուղղությամբե։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված ընդհարումներից և բռնությունների այլ իրավիճակներից տուժածների կյանքն ու արժանապատվությունը և օգնություն ցույց տալ նրանց: 1992-ից կազմակերպությունն իր մարդասիրական գործունեությունն է ծավալում տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։