Արմինֆո.ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի և Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան դիվանագիտական քարտուղար Էյրիկ Լիբերգ Բերգենի հետ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը: Կողմերն անդրադարձել են վերջին ամիսներին Հայաստանի ներքին ու արտաքին, ինչպես նաև քաղաքական և տնտեսական օրակարգի խնդիրներին ու առաջիկա հնարավոր զարգացումներին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Նաիրա Զոհրաբյանը, արժևորելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, անչափ կարևոր է համարել համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները, քանի որ փաստաթղթում կան դրույթներ, որոնց կիրարկումը պահանջում է համաձայնագրի ամբողջական և վերջնական վավերացում:
Կողմերը կարևորել են ՀՀ եվրոպական օրակարգը՝ նշելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ անդամ երկրները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն այդ օրակարգը համատեղ իրականացնելու համար: