Արմինֆո.Վրաստան, Հայաստան և Ադրբեջան այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ստիպված է հավասարակշռել շահերի և արժեքների միջև, գրում է DW-ն:
Առաջին սկանդալը սկսվեց նախքան Մերկելի այցը: <Զարմանալի է, որ Անգելա Մերկելը հանդուրժել է, որ Ադրբեջանն արգելել է իրեն Բաքու ժամանել Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից պատգամավոր Ալբերտ Վայլերի ուղեկցությամբ: Հարավային Կովկասի երկրների հետ Գերմանիայի հարաբերությունների խորհրդարանական խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը Վրաստան և Հայաստան այցից հետո ստիպված է լքել ԳԴՀ կանցլերի ինքնաթիռը: Մերկելը որոշել է չչեղարկել Ադրբեջանի մայրաքաղաք այցը, բայց դա մթագնում է նրա ողջ ուղևորությունը տարածաշրջան>,- գրում է պարբերականը:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆֆեն Զայբերտը նշել է, որ <բլոր հանգամաքների կշռատադատումը> հանգեցրել է եզրակացության, որ Ադրբեջան այցն <ունի իմաստ և կարևոր է>: Ինչ վերաբերում է Վայլերին, ում մուտքն արգելվել է՝ ժամանակին Լեռնային Ղարաբաղ այցի համար, ապա ան հայտարարել է, որ հայկական կողմից վիճելի տարածքներ այցից հետո բազմիցս առաջարկել է դիմակայության գիծ այցելել նաև Ադրբեջանի կողմից: Բաքվի իշխանություններն այս պատմությամբ իրենց են վնասել, գտնում է պատգամավորը:
Ըստ որում, DW-ն համոզված է, որ Ռուսաստանի թեման մեծ դեր կխաղա Հայաստան այցելելիս: <Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը <թավշյա հեղափոխության> արդյունքում Հայաստանի նոր վարչապետ դարձավ: Նա ձեռնամուխ եղավ բարեփոխումների իրականացմանը և պատերազմ հայտարարեց կոռուպցիային: Միաժամանակ նա անընդհատ կրկնում է, ո ր ցանկանում է սերտ փոխհարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ՝ թե տնտեսության, թե անվտանգության ոլորտում: Գերմանիային անհրաժեշտ է ազդանշան տալ Հայաստանին, որ <մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք մեկնարկած փոփոխությունների գործընթացին, քանի որ դրանք ակնհայտորեն միտված են եվրոպական նորմերին>, - DW-ի հետ զրույցում ընդգծել է Ուվե Հալբախը՝ բնորոշելով Երևան Մերկելի այցի հիմնական խնդիրը: Խնդիրը այնքան էլ հեշտ չէ. ամեն կերպ աջակցել հայերի ձգտմանը դեպի եվրոպական արժեքներ՝ միաժամանակ չսադրելով Մոսկվային: Երևան այցը մեծ նշանակություն կունենա նաև Թուրքիայի հետ Գերմանիայի հարաբերությունների համար: Անգելա Մերկելը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Երբ 2016 թ. Բունդեսթագը 1,5 մլն հայերի սպանությունը բնորոշեց որպես ցեղասպանություն, դա հանգեցրեց Անկարայի հետ սուր կոնֆլիկտի: Պետք է ուշադրությամբ հետևել, թե արդյոք Գերմանիայի կանցլերը Երևանում կարտաբերի <ցեղասպանություն> բառը>,- գրում է պարբերականը:
DW-ն նշում է նաև, որ Բաքվում Մերկելի հանդիպումների օրակարգում կլինեն այնպիսի հարցեր, ինչպես՝ մարդու իրավունքները և գազը, իսկ Վրաստանում հաջող բարեփոխումները և ՆԱՏՕ-ին չանդամակցելը:
Հայտնի է դարձել նաև Մերկելի Երևան այցի օրակարգը: ԶԼՄ-ների համաձայն՝
օգոստոսի 24-ի կեսօրին կանցլերը կժամանի Երեւան, որտեղ բանակցություններ են նախատեսված Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գերմանական կառավարության աղբյուրը տեղեկացրել է, որ երբ լայնամասշտաբ ցույցերի արդյունքում Փաշինյանը գլխավորեց կառավարության ղեկավարի պաշտոնը, պետությունների հարաբերություններում <դրական օրակարգ> նկատվեց: <Մեր կարծիքով այժմ լավ ժամանակ է այս երկիր այցելելու համար>, - նշել են Բեռլինում: Մերկելը կհանդիպի նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և կայցելի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: