Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին և առաջարկել Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին՝ յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ կատարել քաղաքացիների ընդունելություն:
«Մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Անհրաժեշտ է դրանց մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ»,- ասել է վարչապետը և հանձնարարել կառավարության աշխատակազմին՝ մանրակրկիտ քննարկել դիմումներն ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին: «Ցավոք, քաղաքացիներին շատ դեպքերում տրվում է ստանդարտ, ցրողական պատասխան: Հասկանում եմ, որ կան համակարգային խնդիրներ, պետք է հասկանանք, թե այս ոլորտում ինչպես բարձրացնենք արդյունավետությունը: Պետք է խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու ժամկետները»,- նշել է կառավարության ղեկավարը: