Արմինֆո.Սևանա լճում ջրիմուռների աճը պայմանավորված է ոչ միայն բարձր ջերմաստիճանային ֆոնով: Այդ մասին հուլիսի 26-ին լրագրողներին հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, այդ երևույթի ռիսկերի մասին արդեն հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Էկոլոգները բնապահպանական ռիսկերի մասին իրենց տեսակետը կներկայացնեն այն բանից հետո, երբ ամսվա վերջին համապատասխան ուսումնասիրություններ անցկացնեն:
Ինչպես նշել է Գրիգորյանը, այսօր կարելի է ասել, որ խնդիրը կապված է ոչ միայն ջերմաստիճանային բարձր ֆոնի, այլ նաև՝ նվազ տեղումների և ջրավազաններում կեղտաջրերի ծավալների հետ: «Ներկայումս գործում է մի քանի ջրամաքրման կայան, որոնք միայն մեխանիկական մաքրում են կատարում: Դա անհրաժեշտ է շտկել»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ էկոլոգ Կարինե Դանիելյանը հայտարարել էր, որ Սևանա լճում ջրիմուռների աճը սպառնում է լճի ճահճացմամբ: «Խորհրդային ժամանակներում քառասուն տարբեր ինստիտուտներ ուսումնասիրել են լճի վիճակը, և արդեն այդ ժամանակ արձանագրվել էր, որ անհրաժեշտ է լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով: Սակայն, տվալ պահին դա նվազագույն անհրաժեշտ նորման է, որը կարող է ապահովել լճի ինքնամաքրումը»,- նշել էր փորձագետը:
Նախօրեին Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։