Արմինֆո. Գագիկ Ծառուկյանի պահակազորի պետ Էդուարդ Բաբայանը կմնա կալանքի տակ: Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու փաստաբանի միջնորդությունը։
Էդուարդ Բաբայանը հուլիսի 5-ից կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել եւ դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:
Նշենք, որ ԲՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, ընդգծելով, թե Վերաքննիչ դատարանի որոշումը կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդման դրսևորում է:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր քննչական մարմինը, միջադեպը տեղի էր ունեցել Ծառուկյանին պատկանող «Օլիմպավանում՚ բռնցքամարտիկների հետ ԱՕԿ ղեկավարության հանդիպման ժամանակ: Միջադեպն սկսվել էր Ծառուկյանի և 2012 թ. պատանիների բռնցքամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր` Վյաչեսլավ Հարությունովի միջև վիճաբանությունից, որը վերաճել էր ծեծկռտուքի: Սկզբում ավագ Հարությունովին ծեծել էր հենց Ծառուկյանը, այնուհետև` նրա թիկնազորի աշխատակիցները: Այդ են վկայում մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված տղամարդու նախնական ցուցմունքները: Դրանց հիման վրա ձերբակալվել էր Ծառուկյանի թիկնազորի պետը` տխրահռչակ Էդոն (Էդուսրդ Բաբայանը), հարցաքննության էր կանչվել ԱՕԿ քարտուղար, ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Հետագայում տուժածն «անհայտ՚ պատճառներով փոխել է իր նախնական ցուցմունքը, հայտարարելով, թե Ծառուկյանի հետ ջերմ ու բարեկամական հարաբերություններ է պահպանում, և իրեն ոչ ոք չի ծեծել, պարզապես, սայթաքել է, վայր ընկել ու վնասվածքներ է ստացել Պարզապես, ի տարբերություն հայտնի ֆիլմի հերոսի, տուժածն ստացել է ոչ թե փակ, այլ բազմաթիվ բաց կոտրվածքներ: Ավելի ուշ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին հայտարարել էր, որ չի հավատում «սայթաքեցի, վայր ընկա, արթնացա գիպսում» վարկածին: «Չեմ կարծում, թե տուժածի այդ ցուցմունքները համապատասխանում են իրականությանը»,- հայտարարել է նա:
Օսիպյանը հակված է հավատալու սկզբնական վարկածին, որը, ինչպես նշել է ոստիկանապետը, հիմնված է միջադեպից անմիջապես հետո իրավապահ մարիններին տուժածի տված ցուցմունքների վրա: «Թե ինչ է եղել հետո, կռահեք ինքներդ»,- ակնարկել էր նա:
Ուշագրավ է, սակայն, որ չնայած ծեծին Ծառուկյանի մեղսակցության վերաբերյալ ՀՔԾ հաղորդագրությանը, նախաքննությունը ոչ մի միջոց չի ձռնարկում վերջինի նկատմամբ: