Արմինֆո. Բելառուսի կողմից «Պոլոնեզ՚ համազարկային կրակի համակարգերի վաճառքն Ադրբեջանին սրել է հարաբերությունները Երևանի և Մինսկի միջև: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրառադիոյի՚ հետ հարցազրույցում:
«Մենք պահպաննում ենք լավ հարաբերություններ, սակայն, կարծում եմ, ունենք մեծ ներուժ և պետք է այն իրագործենք: Անշուշտ, մենք մտահոգված ենք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ: Եվ դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Եվ, գիտեք, այդ խնդիրը սրվում է այն հանգամանքով, որ Հայաստանն ու Բելառուսը ռազմաքաղաքական գործընկերներ են ՀԱՊԿ շրջանակում: Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են այն առնչությամբ, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին՚, - նշել է վարչապետը:
Փաշինյանը նաև չի համաձայնել այն կարծիքին, թե Հայաստանի պաշտոնյաները փորձում են Բելառուսին և անձամբ Լուկաշենկոյին համոզել այսուհետև զենք չվաճառել Ադրբեջանին: Հայաստանի կառավարության ղեկավարը փաստել է, որ Հայաստանն ընդամենը պարզաբանում է այդ հարցի նկատմամբ իր դիրքորոշծումը; «Մենք հարգանքով ենք վերաբերվում Բելառուսի շահերին և ակնկալում ենք, որ Բելառուսը հարգանքով է վերաբերվում Հայաստանի շահերին: Դժբախտաբար, մեզ համար անընդունելի է նման գործունեությունը (Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը - Եվրառադիո), և ես ցանկանում են այդ մասին ուղիղ ասել՚, - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսին հայտնի դարձավ Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումների մասին: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հեռահար այդ կայաններն արդեն հասել են Ադրբեջան և արդեն ցուցադրվել են նախագահ Իլհամ Ալիևին: Ըստ Բաքվի, դրանք կարող են հարվածներ հասցնել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա և խոցել հակառակորդի թիրախները 80 կմ շառավղով: Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրները, գրել էր, թե Մինսկը Բաքվին նման տասը համակարգ է վաճառելու: Բարեկամական Բելառուսի այդ գործողությունները հակազդեցություն են հարուցել Հայաստանում: