Արմինֆո. IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհեց «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակը:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց. «Մենք կարևորում ենք այս մրցանակը և բարձր ենք գնահատում IFC-ի հետ մեր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը: Առևտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք դեռևս 2009թ-ից և շնորհիվ դրա կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծավալը՝ խթանելով տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը: Վստահ ենք, որ այս տարի ևս աճը զգալի կլինի, հատկապես եթե հաշվի առնենք Fitch Ratings-ի՝ հունիսին Հայաստանի համար սահմանած վարկանիշի դրական հեռանկարը»:
Նշենք, որ սա թվով երրորդ մրցանակն է, որ IFC-ն շնորհում է Ամերիաբանկին: Նախկինում բանկն արժանացել է «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում ամենաակտիվ վարկավորող բանկը կովկասյան տարածաշրջանում» մրցանակին և «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում էներգաարդյունավետության գծով լավագույն վարկավորող բանկ՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» մրցանակին:
Նշենք, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան Համաշխարհային բանկի քույր կազմակերպությունն է և Համաշխարհային բանկի խմբի անդամ: Այն աշխարհում զարգացման ֆինանսավորման խոշորագույն կազմակերպությունն է, որի թիրախային ոլորտը զարգացող շուկաների մասնավոր հատվածն է: Միջազգային ֆինանսական կորպորացիան համագործակցում է տարբեր երկրների ավելի քան 2,000 կազմակերպությունների հետ՝ օգտագործելով իր կապիտալը, փորձը և ազդեցությունը աշխարհի ամենադժվար տարածաշրջաններում նոր շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար: 2017թ. Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ զարգացող երկրներին ուղղված ֆինանսավորումը հասավ ռեկորդային նիշի՝ 19.3 մլրդ ԱՄՆ դոլար՝ ուղղված մասնավոր հատվածի զարգացմանը, աղքատության դեմ պայքարին և ընդհանուր բարեկեցությանը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ifc.org:
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ եւ մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Հայկական շուկայում բանկը գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցը բաղկացած է 14 ստորաբաժանումներից, որոնցից` 9 մայրաքաղաքային եւ 5 մարզային: 2015 թ. դեկտեմբերին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մուտքից հետո Ամերիաբանկի բաժնետիրական կապիտալում բաժնեմասային մասնակցությունը փոխվել է հետեւյալ կերպ. Ամերիա Գրուպ CY Ltd. - 65,8%, EBRD - 20,7% և ESPS Holding Limited - 13,5%: Պարգևատրվել է` Euromoney-ից (2017, 2016, 2014, 2012, 2011 թվականներին), Global Finance-ից (2017, 2016, 2015, 2013, 2012 թվականներին), The Banker/FT-ից (2017, 2016, 2015, 2013, 2010 թվականներին), Commerzbank կողմից 2008 թվականից ի վեր ամեն տարի արժանանում է "STP-Award" պարգևի: