Արմինֆո. Հայկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ: Այդ մասին որոշում է կայացվել հուլիսի 10-ին կառավարության նիստում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայկ Գրիգորյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարն առաջնահերթություն է: «Այս բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքները և օրինականությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք պետք է հարյուր տոկոսով ապահովենք օրինականությունը և իրավունքի գերակայությունը, բացառենք, որ որևէ այլ մեկնաբանություն իրավապահ համակարգի գործողություններին հնարավոր լինի տալ: Հույս ունեմ, որ ՔԿ-ն Ձեր ղեկավարությամբ կգործի հենց այս տրամաբանությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ՔԿ նախորդ ղեկավար Աղվան Հովսեփյանը հունիսի 15-ին պաշտոնանկ է արվել: