Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ Արցախում բողոքի ակցիաների կազմակերպման վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ բացատրություններ ստանալու համար։
Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը` պատասխանելով yerkirmedia-ի հարցին: Արման Եղոյանի հավաստմամբ, վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում` խստագույնս կպատժվի:
Նշենք, որ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել է, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով: Հայտարարությունում նրանք ընդգծել են, որ իրենց աջակցում է նաև ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանը:
Ավելի վաղ Արցախում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո Հայաստանի վարչապետնը հայտարարել էր Արցախի իշխանություններին և նրանց կողմից անցկացվող բարեփոխումներին իր անվերապահ աջակցկության մասին: