Արմինֆո. Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ մամուլի ծառայությունից, ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ տեղում ծանոթացել է սահմանային օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության և մարտական հերթապահության կրման պայմաններին, ընթացող ինժեներական աշխատանքներին և թիկունքային ապահովման խնդիրներին: Ընդգծելով, որ հայկական կողմը ցանկություն չունի սրել իրավիճակը սահմանագոտու նախիջևանյան հատվածում, Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ է տրվել հրամանատարական կազմին` զգոնությունը չթուլացնելու և հակառակորդի ստորաբաժանումների ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ։
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը գերազանց ծառայության համար խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել: Ավելի ուշ Դավիթ Տոնոյանն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն, հանդիպել բուժհաստատության անձնակազմի հետ և քննարկել քաղաքացիական հիվանդանոցի և զինվորական հոսպիտալի գործառույթների համադրմանն ու ներդաշնակ գործունեությանն առնչվող հարցեր։ Պաշտպանության նախարարը պատասխանել է բուժաշխատողների հարցերին և ներկայացրել ծրագրի հեռանկարները: Պաշտպանության նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, ծանոթացել շենքային պայմաններին, բուժսպասարկման որակին և տեխնիկական հագեցվածությանը։ Այցի ավարտին պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ: