Արմինֆո.Հայաստանի և Ռուսաստանի միջև ուրվագծվում են միջտարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ: Այդ մասին հունիսի 29-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի ժամանակ ասել է ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա իր և նախարարության անունից ողջունել է հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովի մասնակիցներին ու հյուրերին և նկատել, որ համաժողովի հանդեպ բարձր հետաքրքրվածությունը, պետական գործարար և հասարակական շրջանակների ակտիվ ներգրավվածությունն առաջին հերթին վկայում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև տարածաշրջանային հարթության մեջ գործնական տնտեսական կապեր, նոր հարաբերություններ ու ծրագրեր հաստատելու մարդկանց անկեղծ ձգտման մասին:
«Տարածքների համաչափ զարգացումը, տարածաշրջանային անհավասարության բացառումը և ապակենտրոնացված միջտարածաշրջանային համագործակցությունն առաջնահերթ խնդիրներ են համարվում ՀՀ կառավարության համար: Հենց այդ պատճառով մենք միասին պետք է փնտրենք համագործակցության ճանապարհներ և հնարավորություններ` ինչպես պետական մակարդակով, այնպես էլ` մասնավոր հատվածի: Համոզված եմ, որ կազմակերպական հարցերի արդյունավետ լուծման դեպքում մենք ականատեսը կդառնանք նոր համատեղ ինովացիոն ծրագրերի մշակման և իրագործման»,- նշել է նախարար Պապիկյանը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանք։