Արմինֆո.Կալանավորված Մանվել Գրգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, հնարավոր է, ձերբակալվել է ոչ միայն զինվորների համար նախատեսված մսի պահածոների հայտնաբերման փաստին առնչվող գործի շրջանակում: Հունիսի 28-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նրա ասելով, պահածոների խմբաքանակը փորձել են թաքցնել Նազիկ Ամիրյանի հրամանով, և այդ մասին ցուցմունքները փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն: Ոստիկանապետը չի բացառում այլ հնարավոր հիմքերի առկայությունը Ամիրյանի ձերբակալության համար: «Ժամանակակից Հայաստանում, եթե որևէ մեկի ձերբակալում են, վստահ եղեք, որ դրա համար կան բավարար հիմքեր՚, - ընդգծել է Վալերի Օսիպյանը:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի կողմից նախօրեին ձերբակալվել է նույն օրը նախաքննական մարմին ներկայացած Նազիկ Ամիրյանը: ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ն. Ամիրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման մեջ, որ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և Մ. Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում` Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Նախաքննությունը շարունակվում է: