Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կշարունակի փոխգործակցությունը Հայաստանի միգրացիոն ծառայության հետ:Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու տիկին Սոմեր Բեսիր-Բրայերսը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ:
Շնորհավորելով նորանշանակ պետի մասնագիտական գործունեության մեկնարկը` տիկին Սոմեր Բեսիր-Բրայերսը համառոտ ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը: «ԱՄՆ կառավարությունը կարևորում է իր դերը միգրացիայի և փախստականների հիմնախնդիրների լուծման առնչությամբ, որն արտահայտվում է ՄԱԿ ՓԳՀ-ի, պետական և հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությամբ, այդ թվում Միգրացիոն ծառայության հետ»,- նշել է տիկին Բեսիր-Բրայերսը։
Նա նաև անդրադարձել է ապաստան հայցողների համար Աբովյան քաղաքում նախատեսվող նոր կացարանի կառուցման նպատակով ԱՄՆ կողմից ֆինանսական աջակցության ցուցաբերելու հնարավորությանը: Բացի դրանից, օժանդակություն կցուցաբերվի նաև ապաստան հայցողների գործող կենտրոնին:
ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ սա աննախադեպ մեծ սատարում կլինի ապաստան հայցողների համար նախատեսվող շուրջ 120 անձանց ընդունելու հնարավորությամբ նոր կացարանի ստեղծման գործում։ Նա իր երախտագիտությունն է հայտնել տիկին Բեսիր-Բրայերսին, ընդծելով Դեսպանատան աջակցության կարևորությունը Ծառայության աշխատանքներին և հույս հայտնելով, որ դրանք ամուր շարունակական հիմքերի վրա են։ Արմեն Ղազարյանը հյուրերին նաև տեղեկացրել է ինտեգրման և վերաինտեգրման հարցերով ֆորումների առաջիկա հանդիպումների մասին, որոնց ընթացքում քննարկման են դրվում ՀՀ վերադարձող անձանց և ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց ինտեգրման առանցքային խնդիրները, և հրավիրեց որպես դիտորդ մասնակցելու նիստերի աշխատանքերին: