Արմինֆո. Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության մշտական հանձնաժողովն այսօր ընդունել է «Արևելյան գործընկերության երկրներում անվտանգային մարտահրավերները և նրանց դիմագրավելու հարցում ԵՄ դերը» զեկույցը։
Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը,
զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ «Մասնավորապես, զեկույցում շեշտվել է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2009 թվականի Հիմնարար սկզբունքների հիման վրա։ Զեկույցում բոլոր կողմերին կոչ է արվում կենտրոնանալ բարձր մակարդակով բանակցությունների վրա, մշակել հստակ գործողությունների ծրագիր, պահպանել զինադադարը, նվազեցնել լարվածությունը շփման գծում և իրականացնել վստահության վերականգնման միջոցառումներ»,- գրել է խորհրդարանականը: